National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
27.11.2018
Արա Բաբլոյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստի բացման արարողության ժամանակ
1 / 1

«Հարգելի գործընկերներ,

Վեհաժողովի անդամներ, դիտորդներ եւ հյուրեր,

ՀՀ Ազգային ժողովի, ինչպես նաեւ ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի նախագահության անունից ողջունում եմ ձեզ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստում: Ուրախալի է, որ ՍԾՏՀ ԽՎ բոլոր ազգային պատվիրակությունների ներկայացուցիչները ժամանել են Երեւան:

Չնայած նախընտրական գործընթացներին, մենք՝ որպես նախագահող երկիր, կարեւորում ենք ՍԾՏՀ-ի հետեւողական եւ անխափան գործունեությունը եւ հենց այդ հիմքով է, որ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ մենք լիագումար նստաշրջան ենք անցկացնում: Համոզված եմ, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանն ակտիվորեն ներգրավված կլինի միջազգային գործունեության մեջ՝ հաշվի առնելով խորհրդարանական դիվանագիտության տարեցտարի աճող դերը:

Հարգելի գործընկերներ,

Սեւծովյան տարածաշրջանի երկրները, որոնք հարուստ պատմական ժառանգության, բազմամշակութայնության եւ լուրջ տնտեսական ներուժի բնութագրմամբ 25 տարի առաջ ստեղծել են այս եզակի կազմակերպությունը, որը կոչված է միավորելու անդամ պետությունների ջանքերը՝ ուղղված աշխարհագրական հարեւանության առավելությունների վրա հիմնված տնտեսական փոխգործակցության զարգացմանը:

Այսօր Սեւծովյան տարածաշրջանն Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ տրանսպորտի եւ էներգետիկայի բնագավառում փոխգործակցության կարեւորագույն հանգույց է, 350 միլիոն բնակչությամբ դինամիկ աճող շուկա, որը, անկասկած, գրավիչ է գլոբալ տնտեսական գործընթացների համար:

ՍԾՏՀ-ի ձեւավորման գործընթացի առանցքային փուլը խորհրդարանական բաղադրիչի ստեղծումն էր, որը տարիների ընթացքում ապացուցել է, որ հանդիսանում է կազմակերպության անբաժանելի եւ անփոխարինելի մասը:

Հարգելի գործընկերներ,

կասկած չկա, որ տարածաշրջանում առկա որոշակի լարվածությունները խոչընդոտ են հանդիսանում առանձին երկրների եւ երկրների խմբերի միջեւ տնտեսական փոխգործակցության խորացման համար: Տնտեսական ինտեգրման զարգացումը, տարածաշրջանի պետությունների տնտեսական ներուժի ամրապնդումը կարող է լավ նախադրյալ լինել առկա մարտահրավերներին արձագանքելու եւ կայունության ամրապնդման համար: Ես խորապես համոզված եմ, որ ժամանակակից իրողություններում չպետք է մոռանալ, որ ամենադժվար խնդիրների մեծ մասը հնարավոր է լուծել ազնիվ, անկեղծ եւ անկողմնակալ երկխոսության զարգացմամբ: Միջխորհրդարանական համագործակցությունը եւ խորհրդարանական դիվանագիտությունը դրա կայացման համար անփոխարինելի գործիքներ են:

Հարգելի գործընկերներ,

ՍԾՏՀ ԽՎ-ի դերն էապես մեծանում է, քանի որ միջազգային հարաբերություններում տնտեսությունն առանցքային գործոն է եւ հաճախ հենց տնտեսական հարաբերություններն են ստեղծում նպաստավոր պայմաններ արդյունավետ քաղաքական օրակարգի ձեւավորման համար, որը նպաստում է վիճելի հարցերի կարգավորմանը եւ սահմանափակում առճակատման հեռանկարները: Առաջադրանքների եւ հեռանկարների ընդհանրությունը միավորում է մեզ՝ կոչ անելով համերաշխության եւ համագործակցության՝ ողջ տարածաշրջանում ժողովրդավարության եւ հիմնարար արժեքների ամրապնդման նպատակով:

ՍԾՏՀ ԽՎ-ի առանձնահատկությունն այն է, որ տարածաշրջանում բացառապես տնտեսական բնույթ ունեցող միակ խորհրդարանական կազմակերպությունն է: ՍԾՏՀ ԽՎ-ն երկխոսության եւ համագործակցության դինամիկ ժողովրդավարական ֆորում է, ինչպես նաեւ տարածաշրջանի ժողովուրդների միջեւ հաղորդակցության կարեւոր ուղի՝ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով:

Մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ խաղաղության, անվտանգության, կայունության եւ տարածաշրջանում տնտեսական գործընկերության զարգացմանը: Տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար մենք կոչ ենք անում ՍԾՏՀ ԽՎ բոլոր անդամներին շարունակել այս ուղղությամբ համատեղ գործողությունները: ՍԾՏՀ ԽՎ-ն կարիք ունի խորացնելու ստեղծագործական մտածողությունը, որը մերժում է թշնամանքի դրսեւորումը եւ բաժանարար գծերի քաղաքականությունը:

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացմամբ, դրանով հանդերձ մենք չենք դադարում կրկնել, որ ՍԾՏՀ ԽՎ-ի ստեղծման հիմնական գաղափարը եւ գերակայությունը ՍԾՏՀ անդամ պետությունների միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդումն է: Հայաստանը հաստատում է իր հավատարմությունն այս գաղափարին եւ պնդում, որ ՍԾՏՀ-ի նպատակների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության տնտեսական բնույթը` խուսափելով ավելորդ քաղաքականացումից:

Հարգելի գործընկերներ,

ինձ համար հաճելի է, որ Հայաստանն անցկացնում է հանդիպում, որտեղ հիմնական հարցն է «Խորհրդարանների դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում»: Այս թեման ընդգծում է այն դերը, որոնք խորհրդարանները՝ որպես ներկայացուցչական, օրենսդրական եւ վերահսկող գործառույթներ իրականացնող մարմիններ, խաղում են տնտեսական բարեփոխումների իրականացման գործում:

Հայաստանը հետագայում եւս պատրաստ է շարունակել կառուցողական ներդրում ունենալ ՍԾՏՀ երկրների միջեւ համագործակցության զարգացմանը` նպաստելով կառույցի ամրապնդմանը եւ առաջադրելով տարածաշրջանային ու գլոբալ ինտեգրացիոն նոր նախագծեր եւ նախաձեռնություններ:

Հարգելի գործընկերներ,

հուսով եմ, որ հայկական պատվիրակության կատարած աշխատանքի, ինչպես նաեւ Հայաստանի նախագահության շնորհիվ մեր կազմակերպությունն այսօր դարձել է ավելի լավ եւ արդյունավետ: Մենք այդ նպատակին շատ ենք ձգտել:

Հարգելի մասնակիցներ,

մաղթում եմ հաջող աշխատանք եւ հաճելի այցելություն մեր երկիր:

Համոզված եմ, որ այսօրվա նստաշրջանը կլինի եւս մեկ քայլ մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ:

ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստը հայտարարում եմ բացված»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am